Բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է արժանի պատիժ կրեն. Տիգրան Սարգսյան
Վերահսկիչ պալատի բացահայտումների բոլոր գործերն անհապաղ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ: Նման հայտարարությամբ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց կառավարության նիստը՝ շեշտելով իր անձնական շահագրգռվածությունն այդ հարցում:
«Ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ բյուջեի միջոցները մսխած պաշտոնատար անձինք պետք է արժանի պատիժ կրեն»,- ասաց վարչապետը:
Տ.Սարգսյանը նաև հայտարարեց, թե ՎՊ-ն խիստ մասնագիտացած կառույց է, ՎՊ հաշվետվությունների ներկայացման ձևը պետք է սահմանվի օրենքով, և ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով. «Քաղաքական գնահատականներ տալը Ազգային Ժողովի ու գործադիր իշխանության ֆունկցիաներն են»
Վարչապետը չհամաձայնեց հնչած հայտարարության հետ, թե բյուջեի 70%-ը խիստ ռիսկային և կոռումպացված ձևով է ծախսվում, քանի որ դա վերաբերում է բոլոր ոլորտներին և չի կարող իրականություն լինել:
Տ. Սարգսյանը գործադիրի բոլոր ներկայացուցիչներին հանձնարարեց պատասխանել ՎՊ ներկայացրած մեղադրանքերին` կա´մ հերքել, կա´մ նյութեր ներկայացնել դատախազություն, կա´մ հրապարակավ ընդունել, որ մեղադրանքերը ճիշտ են և կրել պատասխանատվություն: