«Թաքսիմի» ակցիաները ստանում են լեզվաբանական պատերազմի բնույթ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու օր առաջ Ստամբուլում մեկնարկած «անշարժացած» բողոքի ակցիան սկսում է ստանալ անսովոր ձևեր:
Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում նկատվել է ցուցարարների ու կառավարության կողմնակիցների միջև լեզվաբանական մրցույթ: Երեկ վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ լուռ բողոքող ցուցարարների առջև կանգնել են իշխող կուսակցության համակիրները, որոնք «լուռ բողոք» են կազմակերպել «լռությամբ բողոքողների» դեմ:
Ավելի ուշ որպես պատասխան՝ հագել են շապիկներ, որոնց վրա գրված է եղել «Լռելյայն բողոքն ընդդեմ լռելյայն բողոքի ընդդեմ լռելյայն բողոքի»:
Դրանից առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ իրենց համար ընդունելի է բողոքի այդ (լուռ և անշարժ) տարբերակը, սակայն իրենք մտահոգված են ցուցարարների առողջական վիճակով, քանի որ շատ դժվար է 8 ժամ կանգնած մնալը, և որ բողոքելու համար բավական է նաև 8 րոպե անշարժ կանգնած մնալը: