Օֆշորի գերիները

«Դիլիջանի միջազգային դպրոց» նախագծին հարկային արտոնություններ տրամադրելու օրինագծի քննարկման համար հրավիրված ԱԺ երեկվա նիստում ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե դրա ընթացքում հնչած քննարկումներն իրեն հիշեցրել են «Հեքիաթն է կանչում» հաղորդումը, իսկ ընդդիմադիր պատգամավորներն էլ մրցել են «Գյուլնազ տատի հեքիաթները» պատմելու հարցում:

Իրականում Շարմազանովը ենթագիտակցաբար արտահայտել է այն մարտավարությունը, որով վերջին շրջանում իշխանությունը փորձում է խաբել հասարակությանը: Իսկ դա այլ կերպ, քան հեքիաթասացություն, դժվար է որակել: Մոտ երկու շաբաթ է` Ազգային ժողովում ներկայացվում է «Ասք ատկատի մասին» հեքիաթը, որում ՀՀԿ-ականները հայտնվել են «բարի հերոսի» դերում ու փորձում են բռնել «չար հերոսներին»: Ինչպես բոլոր հեքիաթներում, դրանում ևս «բարին հաղթանակեց», այսինքն՝ ՀՀԿ-ականներն՝ իրենց կարծիքով, ահագին շուստրիություն արեցին: Այդուհանդերձ, ամենահիթային հեքիաթն իրականում վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի ու գործարար Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալն է՝ «Օֆշորի գերիները»:

Դրա վերջին արարը ներկայացվեց նախօրեին: Սուքիասյանն էլեկտրոնային նամակով տեղեկացրեց, թե ինքն է չարամտորեն այդ կազմակերպությունը գրանցել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով: Երեկվանից ՀՀԿ-ական պատգամավորները հերթ են կանգնել մամուլի ակումբներում ու հայտարարում են, թե «ամեն ինչ ասված է, Սուքիասյանը խոստովանեց», և այլն, և այլն:

Բնականաբար, որևէ երաշխիք չկա, որ այդ նամակի հեղինակը հենց Աշոտ Սուքիասյանն է. իրականում այդ էլեկտրոնային նամակը նույն հաջողությամբ կարող էր գրել ցանկացած մեկը, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանը կամ Նավասարդ Կճոյանը: Բայց այս «հեքիաթում» կարևորը ոչ թե նամակի հեղինակն է, այլ դրա բովանդակությունը: Այս սկանդալի բացահայտմանը հաջորդող օրն իսկ իշխանությունը սկսեց շրջանառել այն վարկածը, թե օֆշորային գոտում կարելի է որևէ մեկի անունով ընկերություն գրանցել՝ առանց նրան տեղյակ պահելու: Մնացածը, ինչպես ասում են` տեխնիկայի հարց էր:

Սուքիասյանի գտնվելու վայրը պետք է «անհայտ դառնար», նրա նկատմամբ պետք է հետախուզում հայտարարվեր, որպեսզի նա «գրեր» այդ նամակը: Բայց հեքիաթն այսքանով չի ավարտվում. պարզվում է` իրականում իշխանությունը գիտի Աշոտ Սուքիասյանի տեղը: Համենայնդեպս, երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ աշխարհում չկան մարդիկ, ում գտնվելու վայրը հայտնի չէ: «Ոչ մեկի գտնվելու վայրը երկիր մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ ամենահեռու երկրներից ենք բերում մեր զբոսաշրջիկ իրավախախտներին: Ուրեմն` այստեղ ես խնդիր չեմ տեսնում»,- ասել է Վ. Գասպարյանը: Պատասխանելով հարցին, թե արվո՞ւմ է հնարավորը` Աշոտ Սուքիասյանին Հայաստան վերադարձնելու համար, Վ. Գասպարյանն ասել է.

«Հնարավորը… Հայտնաբերելու խնդիր չունենք: Աշխատում ենք, համարյա գիտենք՝ ով որտեղ է գտնվում: Կաշխատենք: Հիմա եթե ես ասեմ` վաղը կբերենք, վաղը չենք բերի»: Ոստիկանապետի ասածից կարելի է եզրակացնել, որ ինքը գիտի Սուքիասյանի գտնվելու վայրը, սակայն նրան Հայաստան վերադարձնելու հրաման չի ստացել: Բացառված չէ, իհարկե, որ երբևէ Սուքիասյանին «գտնեն», բայց դա արդեն տեղի կունենա մեկ այլ հեքիաթում, որը կարող է կոչվել, ասենք, «Տիգրան Սարգսյանի հանցավոր անցյալը»:

Տեսանյութեր

Լրահոս