Էդուարդ Շարմազանովին ԱԺ քննարկումը «Գյուլնազ տատի հեքիաթներն» են հիշեցնում
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի շուրջ ԱԺ-ում ընթացող քննարկումները ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովին հիշեցնում են «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Էդ. Շարմազանովը:
Վերջինս հայտարարեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ պատգամավորներից շատերը մրցակցության մեջ են մտել` ով ավելի վառ կներկայացնի «գյուլնազ տատի հեքիաթները»: «Հեքիաթներ եք ներկայացնում, վարկածներ եք առաջարկում, հետո հերքում եք: Չի կարելի այդպես, չէ՞: Անթույլատրերի է ոչ տրամաբանական փաստերից զուրկ ելույթները»,- ասաց նա:
Շարմազանովը պարզաբանեց, թե «Դիլիջանի միջազգային դպրոցին» «Հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը տեղի է ունենում ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի շրջանակներում և իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, որ երկրում էլ խրախուսվեն նաև արտաքին ներդրումները: «Կարծում եմ` տարածաշրջանային երկրները կցանկանային, որ միջազգային նման դպրոց բացվեր թե Վաստանում, թե Արդբեջանում: Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ ցանկանում են նման ծրագիր իրականացնել այստեղ: Սա աննախադեպ գիտակրթական ծրագիր է, ու մեր հանրապետության օժտված երեխաները կստանան բարձր մակարդակի կրթություն: Կա՞ որևէ մեկը այս դահլիճում, որը դեմ է, որ մեր երեխաները միջազգային կրթություն ստանան: Կարծում եմ` ոչ»,- եզրափակեց նա: