Զարուհի Փոստանջյան. ԱԺ-ն ուզում են ներաքաշել կոռուպցիոն գործարքների մեջ

«Եթե մարդուն քցել են պետք է պետական բյուջեի գումարներից վերադարձնե՞ն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին: Նա չի կարծում, որ «քցած» գումարները նման գործարքների միջոցով պետք է վերադարձվեն: Անդրադառնալով դպրոցների դոնորների խմբին, Զ. Փոստանջյանն ասաց, թե դրանք 15-ն են, և հսկայական հարստությունների տեր մարդիկ են. «Եթե այս մարդիկ, ամեն մեկը 1.5 մլն դոլար տրամադրի, այս 20 մլն-ի հարցը կլուծվի: Հիմա մենք հասկանում ենք, որ գործ ունենք գործարքի հետ, որը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է նախաձեռնվել, իսկ սրա գլխավոր հեղինակը գտնվում է Բաղրամյան 26-ում»:

«Ժառանգության» պատգամավորը նշեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը ուսումնական ծրագիր չունի, ինչը խոսում է այն մասին, որ «վաղը, մյուս օրը` մենք երաշխիք չունենք՝ որպես դպրոց գործելո՞ւ է այն, թե՞ ոչ, թե՞ դառնալու է առ ու վաճառքի ծրագիր»:

Զ. Փոստանջյանի համոզմամբ, ունենալով հարուստ բնակչություն հարևան երկրներում` հետագայում այս դպրոցը կդառնա «բնակարանների առք ու վաճառքի» առարկա նրանց համար: Նա նշեց, թե Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պարզվեց, որ ամբողջ աշխարհում կազմակերպություններ կան, որոնք աղբը գնում են ու վերամշակում, իսկ Հայաստանում եղել է մոտ  է 60 աղբավայր, բայց թույլ չեն տալիս գործարարները գան` աղբը գնեն, մշակեն:

«Եթե չենք ուզում նույնիսկ աղբի համար արտոնություններ տրամադրեք, որևիցե տեղ թույլ չեք տալիս, որ մուտք գործի ազնիվ գործարար, բոլոր գործարքների տակ մութ գործարարներ են` կասկածելի տրամադրություններով, ապա այս անգամ էլ ականատես ենք լինելու` ձախողված ծրագրի, գործարքի»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանի խոսքով` «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարեկելու այս նախագծին` հասկանալով ու գիտակցելով, որ կասկածելի գործարքներով ԱԺ-ն ուզում են ներաքաշել կոռուպցիոն գործարքների մեջ:

Տեսանյութեր

Լրահոս