«ՀայՌուսգազարդը» հրաժարվում է մեկնաբանել 20% բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվությունը
«ՀայՌուսգազարդը» հրաժարվում է մեկնաբանել ռուսական «Գազպրոմ» ընկերության տարածած տեղեկատվությունը, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100% հասցնելու հնարավորությունը (ներկայումս այն կազմում է 80%): 168.am-ի հետ զրույցում «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը խորհուրդ տվեց դիմել ՀՀ կառավարություն կամ էներգետիկայի նախարարություն:
« «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են բաժնետերերին և ոչ թե ընկերությանը, իսկ ընկերության բաժնետերերին պատկանող գույքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալը, կարծում եմ, ընկերության համար կոռեկտ չի»,- ասաց Շ.Սարդարյանը:
Ի պատասխան հարցի՝ կարո՞ղ եք գոնե հաստատել, որ 20% բաժնետոմսերը դեռ պատկանում են ՀՀ կառավարությանը, քանի որ խոսակցություններ կան, որ գազի գնի շուրջ բանակցությունների արդյունքում բաժնետոմսերն արդեն փոխանցվել են «Գազպրոմին», Շ.Սարդարյանը կրկնեց, թե այդ ամեն-ինչը կարող ենք ճշտել՝ «Գազպրոմից» և ՀՀ կառավարությունից՝ ի դեմս էներգետիկայի նախարարության, իսկ «ՀայՌուսգազարդն» ընդամենը կառավարիչ է:
Սակայն հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ Շ.Սարդարյանը մեկնաբանել էր գրեթե նույն հարցը և հայտարարել, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը չեն վաճառվել «Գազպրոմին»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ Արմեն Մովսիսյանն այսօր է վերադարձել և գնացել է Ազգային ժողով, այդ իսկ պատճառով որևէ հարց պարզաբանել չի կարող:
Ի դեպ, մինչև վերջերս ՀՀ կառավարությունը ջանում էր ամեն կերպ ավելացնել իր մասնաբաժինը այս ռազմավարական նշանակության կառույցում. պարբերաբար ՀՀ տարբեր համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարները, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, նվիրվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Գազատարները, որպես ՀՀ սեփականություն, ներդրվում են «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու համար: