Հայաստանում ինտերնետային գովազդը արագ զարգանում է
Հայաստանում ինտերնետի ներթափանցելիությունը զուգահեռ ավելի է կարևորվում ինտերնետային գովազդը: Ինտերնետային գովազդը արագ զարգանում է: Ճիշտ է՝ հեռուստատեսային գովազդը դեռևս չի սկսել զիջել իր դիրքերը ինտերնետային գովազդին, սակայն ինտերնետային և շարժական սարքերի համար նախատեսված` մոբայլ գովազդը ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը` նշելով, որ հայաստանյան առաջատար կայքերի գովազդային տեղերը հիմնանում զբաղված են:
«Առաջատար հայկական լրատվական կայքերը խնդիր չունեն գովազդ ունենալու: Իսկապես իր վրա աշխատող և ոչ մի կայք գովազդի խնդիր չի կարող ունենալ, քանի որ գնալով ինտերնետը ավելի մեծ տարածում է գտնում: Բացի այդ, ի տարբերություն հեռուստագովազդի, ինտերնետային գովազդը շատ ավելի էժան է»,- ասաց Ա. Նավասարդյանը` նշելով, որ ինտերնետային գովազդի ծավալները առաջիկայում գնալով ավելի կմեծանան:
Ըստ մասնագետի` կարևոր է, որպեսզի այդ զարգացումը նաև ճիշտ ընթանա: «Կարևոր է ոչ միայն պարզապես գովազդի տեղադրումը ինտերնետում, այլև դրա թիրախային լսարանի հստակ գիտակցումը, գովազդի ճիշտ մատուցման ձևն ու այն թիրախային լարանին հասցեագրելը: Եթե, օրինակ, լվացքի փոշի է գովազդվում, բնականաբար, այն ավելի լավ կլինի գովազդել հեռուստատեսությամբ` տնային տնտեսուհիների համար, ցերեկային ժամերին: Սակայն, իհարկե, այս ամենը գնալով փոխվում է. ավելի երիտասարդ տանտիկիններն այժմ ևս մտնում են ինտերնետ, ուստի պետք է հաշվի առնել և այն գովազդել նաև հատուկ նրանց համար հետաքրքրություն ներկայացնող կայքերում»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Նա նաև նշեց, որ գովազդի տեղադրումը, ցանկալի, բայց ոչ բավարար պայման է, եթե գովազդը չի զուգորդվում տվյալ ընկերություն կողմից հետևողականությամբ (follow up): «Օրինակ` հնարավոր է մեկը բանկային ծառայության հիանալի գովազդային հոլովակ է ցուցադրում, սակայն երբ զանգահարում ես գովազդային հոլովակից ներշնչված, հեռախոսավարուհին, մեղմ ասած, կոպիտ է պատասխանում, տվյալ դեպքում հասկանալի է, որ որքան էլ գովազդ տեղադրես, այն արդյունավետ չի լինի: Այսինքն` գովազդը այդ ամբողջական փուլի մի մասն է միայն, և այդ օղակի ընդամենը մի փուլի փոքր խաթարումը կարող է քո ամբողջ պլանավորածը ի չիք դարձնել»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Մասնագետը նշում է, որ գովազդի արդյունավետության կոնկրետ դեղատոմս չկա, այդ ամենը կախված է կոնկրետ ապրանքի և ծառայությունների տեսակից, դրա ցուցադրման ժամանակահատվածից, թիրախային խմբի ճիշտ ընտրությունից , գովազդի հստակ ուղղերձից և մի շարք այլ բաղադրիչներից:
«Հայաստանում ինտերնետային գովազդը արագ է զարգանում, և եթե այն ճիշտ զարգանա, շատ ավելի լավ կլինի, հուսամ` Հայաստանում դա ուշ, թե շուտ կսկսվի»,- ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահը: