Թուրքիայի հատուկ ծառայություններն ադրբեջանական ընդդիմության մասին հատուկ զեկույց են ներկայացրել Էրդողանին
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում ոչ վաղ անցյալում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ բավական կասկածելի դիրքորոշում են որդեգրել ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները:
Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած Haqqin.az-ի աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ և մասնավորապես լրագրող Խադիջա Իսմայլովան, բլոգեր Էմին Միլլին, «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներ, պատգամավոր Սաբիր Ռուստամհանլըն փաստացիորեն բաց կոչեր են հնչեցրել Էրդողանի կառավարության գահընկեցության մասին:
Դրանով իսկ նրանք իրենց թույլ են տվել միջամտել Թուրքիայի ներքաղաքական կյանքին, որով և հարուցել են Անկարայի կառավարական շրջանակների զայրույթը: Աղբյուրի տվյալներով՝ Թուրքիայի կառավարությանն ամենաշատը զայրացրել են Խադիջա Իսմայլովայի գործողությունները, ով քարեր է հավաքել «Բեշիքթաշ» հրապարակում:
Պատգամավոր Սաբիր Ռուստամհանլըն, որին տարիներ առաջ Էրդողանը մեղադրել էր «Էրգենեքոն» ռազմական-ընդդիմադիր խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, հնչեցրել է Էրդողանի կառավարության գահընկեցութան մասին բաց կոչեր:
«Թաքսիմ» հրապարակում շատ ակտիվ են եղել նաև «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները: Ադրբեջանական ընդդիմության այդ բոլոր գործողությունների հետ կապված՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները պատրաստել են հատուկ զեկույց և այն ներկայացրել են վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Բաքու այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ դժգոհություն էր հայտնել՝ կապված Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաներին մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության հետ: