
Դավութօղլուն դժգո՞հ է ադրբեջանցիներից

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ կապված Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության հետ:
Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ Դավութօղլուն այդ հարցը բարձրացրել է Բաքվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում:
Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովին հայտնել է, որ Ստամբուլում բողոքի ակցիաների սկսվելուց հետո դրանց մասնակցել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: Մամեդյարովը պատասխանել է, որ պաշտոնական Բաքուն աջակցում է Էրդողանի կառավարությանը՝ խոստանալով զբաղվել այդ հարցով:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հերքել է այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաներին մասնակից ադրբեջանցիները հնչեցրել էին իրենց նախագահ Իլհամ Ալիևի դեմ կարգախոսներ՝ ընդգծելով, որ այժմ եկել է նրա հերթը: