Ի պաշտպանություն Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի
Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Կանադայի ողջ հայությունը և հատկապես մոնրելահայությունը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ անարդար մի որոշման, ըստ որի Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն պետք է լքի Կանադան, ուր ավելի քան տասը տարի հանդիսանում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Իր անսահման նվիրվածությանբ Բագրատ Սրբազան Գալստանյանը մեծ ավանդ ունի Կանադայի հայ առաքելական եկեղեցու թեմի ամրապնդման և կանադահայության համախնբման գործում:
Այդ փաստի վառ ապացույցներից է նաև այն, որ վերջերս նա արժանացավ «Diamond Jubilee Medal of Queen Elizabeth II» մեդալին: Դժգոհության ալիքը ավելի մոլեգնեց, երբ հայտնի դարձավ, որ մի խումբ մարդիկ, կուսակցական շահերը վեր դասելով եկեղեցականից, կազմակերպել են անարդար քվեարկություն:
Սա ոչ հարգալից քայլ է ուղղված հայ եկեղեցու և նրա հետևորդների դեմ: Չհանդուրժելով անարդարությունը` կանադահայությունը համախմբվել է ի պաշտպանություն Բագրատ Արբազանի: Արդեն կես ամսից ավելի է, ինչ գործում է ինտերնետային կայք, որի միջոցով ստորագրահավաք է կազմակեպվում ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառին կեղծված ընտրությունները չեղյալ համարելու պահանջով:
«Nous sommes l’église», «We Are The Armenian Church and Bishop Bagrat is Our Primate» – «Մենք ենք հայ եկեղեցին և Բագրատ Սրբազանը մեր առաջնորդն է»,- սա է կանադահայության պահանջը:
Վերահաստասելու համար պայքարի շարունակականությունը և Բագրատ Սրբազանի հանդեպ մեծ հարգանքը՝ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, պատարագի ժամանակ մոնրելահայությունը լուռ խաղաղ ցույց էր կազմակերպել Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Պատարագի ավարտից հետո, ակցիայի մասնակիցները մոմավառությանբ և «Հայր Մեր» աղոթքով ներս մտան եկեղեցի` ավարտին հասցնելով իրենց ակցիայի առաքելությունը և հույս փափագելով, որ ի վերջո արդարությունը կթակի մեր դուռը: Ավաղ, լինի դա հայրենիքում թե օտար ափերում, սակայն երևի թե հայ մարդը այլևս դատապարտված է արդարության համար մղվող անվերջ պայքարի:
Այսօրվա պատարագին, որ վարում էր ինքը Բագրատ Սրբազանը, Եկեղեցին լեփ-լեցուն էր, մարդիկ համակված են տխրությամբ և վրդովմունքով, քանի որ չեն համակերպվում այն փաստի հետ, որ պետք է հրաժեշտ տան Սրբազանին, այլ պահանջում են, որպեսզի վերջինիս հնարավորություն տրվի շարունակելու իր անգնահատելի և հայանպաստ ծառայությունը Կանադայում:
Կանադայի հայ համայնքի մի խումբ երիտասարդներ
Մոնրեալ, 16 հունիս 2013թ.