
Սաուդյան Արաբիան սկսել է զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարել սիրիական ընդդիմությանը. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն մոտ երկու ամիս է, ինչ Սաուդյան Արաբիան սիրիական ընդդիմությանը հատկացնում է շարժական զենիթա-հրթիռային համալիրներ: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա արաբական աղբյուրները:
Վերջիններիս տվյալներով՝ Էր-Ռիյադը զինյալներին մատակարարել է «ոչ մեծ քանակությամբ» նմանատիպ սպառազինություն, որոնք գլխավորապես ստացվել են Ֆրանսիայում ու Բելգիայում եղած մատակարարներից: Հայտնի է, որ Փարիզը վճարել է այդ զենիթա-հրթիռային համալիրները տարածաշրջան հասցնելու համար:
Գերմանական Spiegel պարբերականը դեռ երեկ էր հայտնել, որ Սաուդյան Արաբիան հավանաբար դիտարկում է սիրիական ընդդիմությանը զենիթային համալիրների հատկացնելու հնարավորությունը: Պարբերականը, վկայակոչելով Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությանը, հայտնել էր, որ խոսքը գնում է ֆրանսիական արտադրության «Միստրալ» տիպի զենիթա-հրթիռային համալիրների մասին: