
Չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին՝ ազատամարտիկների հանրահավաքը կայացավ

Չնայած այն բանին, որ մի քանի օր շարունակ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից սպառնալիքներ էին տեղում հանրահավաքի կազմակերպիչ ազատամարտիկների հասցեին, այնուամենայնիվ Արցախյան վետերանների առաջին հանրահավաքը կայացավ այսօր:
Այս մասին galatv.am-ին փոխանցել է հանրահավաքի կազմակերպիչ, ազատամարտիկ Իշխան Սարգսյանը: Նա ասել է, որ հանրահավաքի մասնակիցների թիվը անցնում էր 200-ից, և հանրահավաքն անցկացրել են ըստ նախատեսվածի:
«Մեծ մասամբ ազատամարտիկ մեր ընկերներն էին, եկել էին նաև մարզերից, ներկա էին նաև մի քանի քաղաքացիական ակտիվիստներ և սպանված զինծառայողների ծնողներ: Մեզ բոլորիս էլ նույն խնդիրներն է հուզում, հավաքվեցինք, զրուցեցինք ու ցրվեցինք»,- ասել է հանրահավաքի կազմակերպիչներից Իշխան Սարգսյանը:
Ազատամարտիկը նշել է, որ ամփոփել են սոցիալական պայքարի անցած մեկ ամիսը և հստակեցրել են պահանջները:
«Մենք ասել ենք՝ պահանջում ենք սոցիալական վիճակի բարելավում, որ մեր թոշակները 100 տոկոսով բարձրացնեն, որ կարողանանք գոյատևել, թե չէ այսպես այլևս հնարավոր չէ, ապրել չենք կարող: Մենք հանդիպել ենք արդեն վարչապետի, ՊՆ նախարարի հետ և այսօր որոշեցինք մեկ ամիս սպասել և հետո անցնել ինչ-որ գործողությունների»:
Ազատամարտիկն ասել է նաև, որ չի բացառվում՝ համատեղ նոր որոշումներ ընդունեն և, ասենք, դարձյալ նստացույց սկսեն կամ դիմեն բողոքի այլ միջոցի: