Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տվել

Aravot.am-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 2-ի առավոտյան սպանեցին Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանին, որից հետո Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ավագանու նախկին անդամ անկուսակցական Արմենուհի Մելիքյանը: ՀՀ կառավարության որոշմամբ Պռոշյանում նոր գյուղապետ կընտրեն հուլիսի 14-ին:

«Առավոտի» հետ զրույցում Արմենուհի Մելիքյանն ասել է, որ հաստատ որոշել է հրաժարական տալ և հայտարարել է.

«Հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսևորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իմ անձի նկատմամբ` ֆիզիկական հաշվեհարդարի, իմ արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար, ես խնդրել եմ Կոտայքի մարզպետ Շահգալդյանին դադարեցնել իմ կողմից Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանականավոր պաշտոնակատարի լիազորությունները: Միևնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, ինչպես նաև չկարողացան իրացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր`արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ: Դատապարտում եմ, որ ոչ մի պատկան մարմին չկարողացավ համայնքային ծառայողներին կարգի հրավիրել, կոռեկտության կոչ անել և ստիպել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Ես դեռևս շարունակելու եմ  ապրել Պռոշյանում և թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռևս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր պատկերը, դիմացինի մասին մտածում է իր բարոյականության չափանիշներով: Ես արհամարհում եմ իմ հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները, կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, բարձր կամք, չտրվել սադրանքներին: Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխել հետագա սանձարձակությունների դրսևորումները, կանխել անչափահասների ներգրավումը որոշ լկտի մարդկանց կեղտոտ քաղաքական շահարկումներին: Դիմում եմ Հրաչ Մուրադյանի հարազատներին` մի տրվեք բանսարկությունների, որոշ մարդիկ ինքնագովազդի նպատակով խաղում են ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի և իրար ճանաչող մարդիկ, ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը և ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործների բացահայտմանը»:

Տեսանյութեր

Լրահոս