«Իմ ու Շարմազանովի հարազատ Ալավերդիում բուհի տնօրենը մասնագիտություն ու կրթություն չունի»
Գյումրեցի լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը շարունակում է անհանգստանալ ու անհանգստացնել ՀՀ իշխանություններին, որ իր հարազատ ծննդավայրում՝ Ալավերդիում, բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը վստահել են մեկին, ով բարձրագույն կրթություն, անգամ մասնագիտական որակավորում չունի: Նա մի քանի անգամ նամակներ է գրել ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
Համլետ Մոսինյանին բոլորից շատ մտահոգել է այն, որ իր այս նամակին ոչ մի կերպ չի պատասխանել Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես Համլետ Մոսինյանի հարազատ Ալավերդի քաղաքից է:
«Իմ ու Շարմազանովի ծննդավայրում՝ հարազատ Ալավերդիում, տնտեսական վիճակը անչափ խղճուկ է, համալսարան կա այնտեղ, բայց ինչո՞ւ նորմալ չլինի: Մարդիկ դա անվանում են թաղային համալսարան: Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրենը ինչի՞ պիտի բարձրագույն կրթություն, կամ գոնե մասնագիտություն ու արհեստ չիմանա: Նա ղեկավարում է դոցենտների ու պրոֆեսորների… ու այս ամենը իմ ու Շարմազանովի հարազատ Ալավերդիում… Ու Շարմազանովն ասում է, որ նամակ չի ստացել»:
Ընդ որում, Համլետ Մոսինյանն ասում է նաև, որ ճանաչում է Է. Շարմազանովի ծնողներին, որոնց հանդեպ լավ կարծիք է ունեցել միայն, նրան մտահոգում է այն, որ այդ քաղաքում ծնված երիտասարդ գործիչը չի մտահոգվում հարազատ Ալավերդու խնդրով:
«Որ ասում է՝ նամակ չի ստացել, այդ ինչպե՞ս է, որ ՀՀ ԿԳՆ Աշոտյանին ու վարչապետին հասնում է, իրան՝ չէ: Կամ մի հատ չանհանգստանա՞, այսքանից հետո թող փոստին դատի տա, կամ ճշտի՝ միգուցե գրասենյակ հասել է նամակը, բայց իրեն չի հասել»,- ասել է Հ. Մոսինյանը:
Նշենք, որ ի պատասխան հրապարակախոսի այն մտահոգությանը, որ Ալավերդու համալսարանի տնօրենը մասնագիտություն ու բարձրագույն կրթություն չունի, ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը պատասխանել էր. «Համաձայն ԽՍՀՄ կրթության նախարարի 1947թ. հրամանի՝ կուսակցական բարձրագույն կրթությունը համարվում է բարձրագույն կրթություն»:
Այս պատասխանը առավել ևս Հ. Մոսինյանը համարել է տարօրինակ և ասել. «Այսինքն` նժդեհական նախարարի համար «ասնավանի» է Ստալինի մինիստրի հրամանը, գոյություն չունեցող երկրի մինիստրի՝ 67 տարի առաջ տված հրամանը»:
Նրա՝ ՀՀ վարչապետին հասցեագրված փակ նամակում նույն մտահոգությունն է շարադրված եղել, բայց վարչապետի նամակին պատասխան է եկել դարձյալ ԿԳ նախարարությունից, որ՝ Ձեր նամակին պատասխան տրվել է:
Հիմա Համլետ Մոսինյանը բաց նամակով է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ասում է, որ եթե խնդրին նորմալ ընթացք չտրվի, նա որոշել է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: