
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների ինքնությունը պարզված է (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ պարզել են այսօր՝ հունիսի 16-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների ինքնությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են. Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 57-ամյա Վարսիկ Գալոյանը, 48-ամյա Վանուհի Մակարյանը, 21-ամյա Շաքրո Բոզոյանը, 80-ամյա Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ 33-ամյա Լիլիթ Գուլանյանը, 13-ամյա Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ 31-ամյա Նադյա Ջեյրանյանը, 36-ամյա Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ 25-ամյա Գոհարիկ Կիրակոսյանը, 82-ամյա Լուսիկ Կիրակոսյանը և 2-ամյա Սամվել Կիրակոսյանը:
Ս.Կիրակոսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Վ.Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մնացածը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 և ուղևորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն-տնակի հարևանությամբ՝ կոտրելով նաև գազատար խողովակը: Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր ավելի ուշ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Երևան: