Բոնուս-մալուսն արդեն գործում է. զգույշ վարորդները 3%-ով ավելի քիչ կվճարեն ԱՊՊԱ-ի համար
Այս տարվանից ԱՊՊԱ ոլորտում արդեն գործում է բոնուս-մալուս ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգը: Ըստ դրա` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա. եթե նախորդ տարի վարորդի «մեղքով» վթար է եղել, նա նախորդ տարվա համեմատ 7% ավելի ապահովագրավճար է վճարում, իսկ եթե «անմեղ» է եղել կամ վթարի մասնակից չի եղել, 3% քիչ է վճարում:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սա ԱՊՊԱ վճարների ընդհանուր ծավալի վրա էապես չի ազդում: Ըստ նրա՝ ՀՀ-ում կա մոտ 450-460 հազ. ավտոմեքենա, ԱՊՊԱ միջին վճարը 32 հազ. դրամ է, տարեկան մոտ 40 հազ. վթար է տեղի ունենում, այսինքն բոնուս-մալուսը մոտ 10% է կազմում:
Նշենք, որ 2013 թ. ապրիլի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371,409, ինչը նախորդ ամսվա նույն ցուցանիշից մեծ է 3,549-ով:
Ապրիլ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 874 մլն դրամ, ինչը մարտ ամսվա համեմատ աճել է մոտ 106 մլն դրամով (կամ մոտ 14%-ով): Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ փոքր ինչ աճել է` կազմելով 4,411 դիմում` նախորդ ամսվա 3,897-ի դիմաց: Նվազել է հատուցման միջին չափը. 2013թ. ապրիլ ամսվա կտրվածքով`198,128 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը ապրիլ ամսվա դրությամբ կազմում է 77.5%, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 2%-ով: