«Հազարամյակի մարտահրավերների» վերսկսումը քաղաքական երանգներ է կրում. Վարդան Բոստանջյան
«Տարածաշրանային խնդիրների առումով ՀՀ-ն հետաքրքրություն է ներկայացնում թե´ Արևմուտքի, թե´ Հյուսիսի համար: Այս հզոր երկրներից յուրաքանչյուրը փորձում է մեր երկիրը դեպի իր կողմը գրավել, և դրանով պայմանավորված է յուրաքանչյուրի քայլը, այդ թվում նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում կրկին ընդգրկելը»,- նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանը ստանձնել է գործողությունների ծրագիր, որի արդյունքները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը կրկին ներառվի ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից աջակցություն ստացող երկրների շարքում:
Ըստ Բոստանջյանի՝ ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ֆինանսական միջոցները սուղ են կամ գրեթե չկան և այդ առումով մեր արտաքին քաղաքականության մեջ կարելի է այնպիսի դիրք բռնել, որ Ռուսաստանն ու Արևմտյան երկրները փորձեն ՀՀ-ին շահագրգռել, ինչը գոնե այս պահի դրությամբ ՀՀ համար լավ է:
«Սա քաղաքական երանգներ կրող երևույթ է: Գազի սակագնի հետ կապված էլ ՌԴ-ն ունի բավականաչափ խիստ մոտեցում, այդ գնի դեպքում բնակչությունը դժվարություններ կկրի և նման ծրագրերում հանգրվանելը մեզ համար կոմպենսացնող բնույթ կունենա»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Ամեն դեպքում, ըստ տնտեսագետի, ՀՀ-ին հատկացված միջոցները՝ թե´ արտաքին պարտքի, թե´ «Հազարամյակի ծրագրի» գումարները խիստ անարդյունավետ են օգտագործվում և մինչև անգամ կառավարության ծրագրում հատուկ շեշտադրում է կատարվում, որ այսուհետ մաքսիմալ արյդունավետ պետք է օգտագործել հատկացված միջոցները: