Բաժիններ՝

«Նաիրիտի» հարցով բանակցությունները շարունակվում են. Արմեն Մովսիսյանը կրկին շփոթում է թվերը

ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցությունները «Ռոսնեֆտ» ընկերության հետ` «Նաիրիտ» գործարանի վաճառքի հարցի շուրջ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ըստ լուրերի՝ խնդիրներ են առաջացել ռուսական կողմի հետ բանակցություններում:

Նախարարի խոսքով` «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի կողմից հրահանգներ էր եղել, որ քննարկեն տեխնոլոգիան, թե տեխնոլոգիապես գործարանն ինչքան կարող է արտադրել, տնտեսապես դա ինչքան արդյունավետ կլինի, դրանից հետո քննարկել մյուս խնդիրները:

«Այս քննարկումներն ավարտված են, ֆոնը բավականին դրական է»,- ասաց Ա. Մովսիսյանը:

Նրա խոսքով` բութադիենային տեխնոլոգիան արդյունավետ կարող է աշխատել մոտ 20 տարի:

Կարդացեք նաև

Մեր հարցին` ի՞նչ խնդրահարույց հարցեր են մնացել քննարկելու, նախարարը պատասխանեց, որ այդպիսիք չկան, պարզապես ժամանակ է հարկավոր բանակցություններն ավարտելու համար: 168.am-ի դիտարկմանը` պարտքի հարցը ի՞նչ վիճակում է, Ա. Մովսիսիյանը նշեց, որ գործարանի պարտքի խնդիրը դեռ չի քննարկվել: Նա հայտնեց, որ այժմ «Նաիրիտի» ամբողջ պարտքը, այդ թվում Միջպետական բանկին ունեցածը, կազմում է մոտ 100 մլն դոլար:

Սակայն հիշեցնենք, որ «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտք է մոտ 170 մլն դոլար գումար: Միջպետական բանկը 5 պետությունների կենտրոնական բանկերի ջանքերով հիմնադրված կառույց է, որի հիմնական բաժնետերը ՌԴ ԿԲ-ն է: 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել «Նաիրիտի» արդեն նախկին կառավարիչ բրիտանական Rhinoville Property Limited ընկերության համար, իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել: Որպես երաշխավոր հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը՝ գործարանում իր 10% բաժնեմասով: Վարկը մինչ օրս չի մարվել:

Այսինքն, ստացվում է, որ նախարար Ա.Մովսիսյանն այս պարտքի գումարի չափն էլ լավ չի հիշում, ինչպես որ «չի հիշում» գազի պայմանագրի կնքման ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս