Համաշխարհային բանկն ընդդեմ ՀՀ Վերահսկիչ պալատի
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություններն ակնհայտորեն դուր չեն եկել Համաշխարհային բանկին։ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված նամակում Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, թեպետ դիվանագիտորեն, սակայն բավականին թափանցիկ ակնարկել է, որ ՀԲ-ն չի հավատում ՎՊ տվյալներին։ Ավելի կոնկրետ՝ ՎՊ տվյալները հակասում են իրենց սեփական հետազոտությունների արդյունքներին:
«Մասնավորապես, Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի նախնական փաստաթղթային ուսումնասիրությունը, ինչպես նաև՝ իրականացման աջակցության մի շարք առաքելությունները և հետդիտարկումները չեն բացահայտել ակնհայտ անհամապատասխանություն կամ խախտումներ, մինչդեռ Ձեր կայքում տեղակայված տեղեկություններից հասկանում ենք, որ խախտումներով պայմանավորված լուրջ մտահոգությունների հետևանքով ՎՊ վերահսկողության հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն»,- նշված է նամակում։
Նամակում նաև նշվում է, որ այս ծրագրի հետ կապված ՎՊ պաշտոնական կայքում հրապարակված զեկույցը զարմանք է առաջացրել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների մոտ, ուստի վերջիններս խնդրել են Ի. Զաքարյանին համատեղ ուսումնասիրություն անցկացնել:
Համաշխարհային բանկի նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։