Բաժիններ՝

Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվեց Nokia-ի «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը

Այսօր` հունիսի 13-ին Պոլիտեխնիկի 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում տեղի ունեցավ mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետը, կրթության և գիտության նախարարը, ֆինանսների նախարարը, Համաշխարհային բանկի infoDev ծրագրի ղեկավարները, Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները,  ՀՀ պետական մարմինների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և այլ աջակից ու շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարն ու հյուրերը նախ շրջեցին տարածքում և ծանոթացան ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին:

«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար Մարիամ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ. սեպտեմբերից: Ըստ նրա` այս ժամանակահատվածում լավ ձեռքբերումներ ունեն, քանի որ աշխատել են ավելի քան 20 թիմերի հետ, որոնք պետք է դառնան նորաստեղծ կազմակերպություններ: «Դրանցից երեքն արդեն կարելի է ասել, որ նորաստեղծ ընկերություներ են, դրանք են` Microforester , Play the music և երրորդը` Mtech թիմը«,- ասաց Մ. Դավթյանը` նշելով, որ բացի այդ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստել են մոբայլ հանրույթի ձևավորմանը: Ըստ մեր զրուցակցի` ավելի քան 600 ծրագրավորողներ, դիզայներներ ու ձեռներեցներ մասնակցել են այդ միջոցառումներին, դիմել են և  ներկայացրել են իրենց հետաքրքիր գաղափարները:

Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia ընկերության աջակցությամբ:

Նշենք, որ Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, ևս երկուսը՝ Ասիայում:

mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:

Նշենք, նաև, որ Տարածաշրջանում մոբայլ լուծումների մրցունակությունը բարձրացնելու նպատակով «mLab ECA»-ն նախաձեռնել և կազմակերպել է նաև Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Դրա նպատակն է խթանել գործարար և սոցիալական դաշտի զարգացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն այսօր երեկոյան, իսկ հաղթողը կստանա 10 հազար դոլար:

Լուսանկարը` Gov.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս