Ավստրիացի խաղաղապահները սկսել են լքել Գոլանի բարձունքները
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավստրիացի խաղաղապահները սկսել են լքել Գոլանի բարձունքները: Գործակալության ֆոտոլրագրողի խոսքերով՝ մոտ 20 ավստրիացի զինվոր հեռացել է Իսրայելի տարածք:
Ավստրիայի ՊՆ-ը հայտարարել է, որ առաջին 60-80 խաղաղապահները հայրենիք կվերադառնան հունիսի 12-ի երեկոյան, իսկ բոլոր խաղաղապահները՝ 2-4 շաբաթվա ընթացքում: Գոլանի բարձունքներում է գտնվում 380 ավստրիացի խաղաղապահ: Նրանց տվյալ շրջանից դուրս բերելու մասին որոշում կայացվեց այն բանից հետո, ինչ Գոլանի բարձունքներում հաճախակիացան խաղաղապահների վրա հարձակումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ ռուս խաղաղապահները կարող են Գոլանի բարձունքներում փոխարինել ավստրիացիներին, եթե դրանոմ շահագրգռված լինեն տարածաշրջանի երկրները և եթե ՄԱԿ-ն այդ հարցով խնդրի Ռուսաստանին:
Սակայն ՄԱԿ-ը մերժել էր այդ առաջարկը՝ ընդգծելով, որ Գոլանի բարձունքներում խաղաղապահ գործունեության մեջ Ռուսաստանի ներգրավումն անհնար է, քանի որ դա արգվելված է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին՝ համաձայն 1974 թվականի արձանագրության: