
Աֆղանստանում փակվել է վրացական երկու ռազմաբազա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը սկսել է Աֆղանստանում տեղակայման այնպիսի վայրերի ընտրության գործընթացը, որտեղ առավելագույն կերպ պաշտպանված կլինի վրացի զինծառայողների անվտանգությունը:
Այս մասին երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ Աֆղանստանում փակվել են վրացական երկու ռազմաբազաներ, և որ վրացական կողմն է տվյալ նախաձեռնությամբ դիմել ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, ինչը տեղի է ունեցել Աֆղանստանում վրացի խաղաղապահների դեմ իրականացված մի շարք հարձակումներից հետո.
«Առաջին հարձակումից հետո մենք դիմեցինք ՆԱՏՕ-ի հրամանատարությանը՝ կապված մեր կոնտինգենտի անվտանգության ապահովման միջոցների ընդունման հետ: Մեր խորհրդով փակվել են մեր երկու բազաները՝ թեև որոշակի պատճառներով ես չեմ կարող ասել դրանց տեղակայման վայրերը:
Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար մեր զինվորականների անվտանգությունը: 3-4 օրվա ընթացքում փակվելու է նաև այն բազան, որի վրա ոչ վաղ անցյալում իրականացվել էր հարձակում: Իսկ կոնտինգենտը պետք է տեղափոխվի մեկ այլ վայր: Դժբախտաբար, մենք չհասցրինք դա անել»:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմադն նահանգում գտնվող վրացական ռազմաբազայի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 9 զինծառայող: