
Վենեսուելայում նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու համար ձերբակալվել է 9 կոլումբիացի

BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են Կոլումբիայի 9 քաղաքացու, որոնց կասկածում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Ռոդրիգեսը: Միջադեպը գրանցվել է հունիսի 9-ին՝ երկրի արևմտյան նահանգներում: Կոլումբիացիների մոտ հայտնաբերվել է խոշոր տրամաչափի զենք:
Վենեսուելայի իշխանությունների վարկածի համաձայն, կոլումբացիները պետք է մեկնեին երկրի մայրաքաղաք Կարակաս, ուր և պետք է մահափորձ ձեռնարկեին Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ: Իրավապահ մարմիները կարծում են, որ գոյություն ունի դավադիրների ևս մեկ խումբ, այժմ ընթանում են այդ խմբի որոնման աշխատանքները:
Մայիսին Մադուրոն իր նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրել էր Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ով հաճախ քննադատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին: Մադուրոյի խոսքերով՝ Ուրիբեի դավադրությանը մասնակից է նաև երկրի աջ ընդդիմությունը:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ հարկադրված է ուժեղացնել իր թիկնազորը՝ կապված մահափորձի վտանգի հետ, որի հետևում կանգնած են վենեսուելական աջերն ու ԱՄՆ-ը: