
Կառավարությունն ունի բողոքի ակցիաներին օտար միջամտության կոնկրետ ապացույցներ. Բյուլենթ Արընչ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսի 12-ին հանդիպելու է ցուցարարների ներկայացուցիչների հետ: Այս մասին կառավարության՝ ավելի քնա վեցժամյա նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Նա հայտնել է, որ այն բանից հետո, ինչ հանդիպել է «Թաքսիմի համերաշխության հարթակի» ներկայացուցիչների հետ, մեկ այլ խումբ էլ հանդիպում է խնդրել վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Արընչը հայտարարել է, որ Էրդողանը համաձայնվել է հանդիպել բողոքների մի շարք կազմակերպիչների հետ:
Խոսելով չդադարող համազգային բողոքի ակցիաների մասին՝ Արընչը հայտարարել է, որ կառավարությունը լի է վճռականությամբ թույլ չտալու համար ապօրինի հանրահավաքների անցկացում.
«Մի շարք ծայրահեղական ու մարգինալ խմբեր մթագնել են բողոքի ակցիաները և մասնակցում են ոստիկանության ու անվտանգության ուժերի հետ բախումներին: Ցուցարարների մի շարք պահանջներ անընդունելի են: Կառավարությունն ունի բողոքի ակցիաներին օտար միջամտության կոնկրետ ապացույցներ: Հետաքննությունը շարունակվում է»: