NDI-ն Ադրբեջանի կառավարությանը մանրամասն իրազեկել է, թե որտեղ է ծախսել 1 միլիոն դոլարը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն իրազեկել է, որ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցը հանվել է օրակարգից:
Նա հավելել է, որ NDI-ը շարունակելու է իր ակտիվ գործունեությունն Ադրբեջանում, ինչն ուղղված է այդ երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Մորնինգսթարի խոսքերով՝ դրան նպաստել է այն, որ NDI-ի ներկայացուցիչներն առավել մանրամասն տեղեկատվություն են հաղորդել, թե ինչի վրա են ծախսել 1 միլիոն դոլարը: Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազը նամակ է հղել Ռիչարդ Մորնինգսթարին՝ կապված երկրում NDI-ի գործունեության հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում NDI-ի գործունեությունը վտանգի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևն իր եռամսյա լրագրողական հետաքննության արդյունքներով NDI-ին մեղադրեց Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու փորձի մեջ: