Շահեն Պետրոսյանի խորհուրդը կառավարությանը. «Մենք մե՛ր դրոշով պետք է ստեղծենք ավիաընկերություն»

Հունիսի 6-ին, ՀՀ կառավարության նիստում հաստատվեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը, ըստ որի` նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել և հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների՝ չվերթեր իրականացնել որոշակի ուղղություններով: Իսկ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումից հետո ՀՀ կառավարությունը վարում է բաց երկնքի քաղաքականություն:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով օդային փոխադրումների շուկայի վերաբերյալ կառավարության ընդունած նոր ռազմավարության մասին, ընդհանուր առմամբ այն դրական համարեց:

«Այն, ինչ մենք ասում էինք, իրենք, փաստորեն, ընդգրկել են այդ հայեցակարգի մեջ: Ավելի ճիշտ, սա ոչ թե դրական, այլ միակ լուծումն է»,- ասաց Շ.Պետրոսյանը` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, չի իրագործվել իր մյուս առաջարկը` անցկացնել աուդիտ սնանկ հայտարարված «Արմավիա» ավիաընկերությունում` պարզելու դրա սնանկացման պատճառները, քանի որ, ըստ նրա, ««Արմավիան» երբեք չի վերակենդանանա»:

Շահեն Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ավիափոխադրումների շուկան, և նշեց, որ օտար ընկերությունների պարզապես տենդեր հայտարարելով` խնդիրը չի կարող լուծվել:

«Մի խնդիր կա` պետք է ամեն ինչ շատ արագ անել, արագ կարող է անել միայն կառավարությունը: Եթե իրենք հույսը դնեն տենդեր հայտարարելու վրա, ապա տենդերները Հայաստանում շատ բացասական երանգ ունեն, որովհետև, երբ տենդերներ են անցկացվում, միշտ ատկատ, յուրացումներ, փողատերեր, օլիգարխներ, և այլն, այդ շրջապտույտի մեջ ենք անընդհատ հայտնվում»,- նշեց Շ.Պետրոսյանը:

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի մյուս կարևոր դիտարկումը վերաբերում էր երեք ավիաընկերություններին, որոնց, ըստ կառավարության վերոհիշյալ ռազմավարության, պետք է տրվի չվերթեր իրականացնելու հնարավորություն:

«Ինչ վերաբերում է նրան, որ իրենք ասում են`«մենք ունենք առնվազն երեք ավիաընկերություն», ապա պետք է նշեմ, որ թղթի վրա գրանցված ավիաընկերությունները հաշիվ չեն, դրանք իրականում չկան: Դրանք ո՛չ ռեսուրս ունեն, ո՛չ օդանավ, թղթի վրա, չգիտեմ` ինչ ձևերով լիցենզիա ստացած ընկերություններ են,- ասաց Շահեն Պետրոսյանը,- Մի բան էլ ինձ շատ զարմացրեց, որ ասացին` կունենանք առնվազն երեք ավիաընկերություն: Դուք դեռ մեկը ստեղծեք, նոր կմտածեք մյուսների մասին: Իսկ ես կրկնում եմ` դա շատ արագ պետք է ստեղծել, որովհետև մենք շուկա ենք կորցնում»:

Ինչ վերաբերում է Արտյոմ Մովսիսյանի նշած «բաց երկնքի քաղաքականությանը», ապա դա, Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ բոլորովին այն չէ, ինչ ներկայացնում է կառավարությունը:

«Բաց երկնքի քաղաքականությունն այն է, որ ցանկացած ավիաընկերություն չվերթեր իրականացնի հայկական կոդով, դա նշանակում է` պետությունը «6-րդ ազատություն» է տալիս ինչ-որ օտար պետության ընկերությանը, և նա գալիս, այստեղ ստեղծում է ավիաընկերություն կամ ինչ-որ դուստր-ձեռնարկություն, ստանում է հայկական կոդը և այդ կոդով թռիչքներ է իրականացնում Երևանից: Սա է բաց երկնքի քաղաքականությունը: Դա նշանակում է, որ այդ դեպքում մենք ընդհանրապես չենք ունենա սեփական ավիափոխադրող»,- ասաց նա:

Սակայն, ըստ Շահեն Պետրոսյանի, ավելի ճիշտ ճանապարհը պետական ավիաընկերության ստեղծումն է, որը հետագայում հնարավոր է մասամբ մասնավորեցնել:

«Քանի որ մենք ունենք մասնագետներ` արդեն պատրաստի օդաչուներ, բորտ-ուղեկցորդներ, ավիացիոն ինժեներներ և այլն, որպեսզի իրենք չթողնեն գնան երկրից (սոցիալական խնդիր է), պետք է շտապ այդ ավիաընկերությունը ստեղծել»,- նշեց պարոն Պետրոսյանը:

«Եթե կառավարությունը միջազգային տենդեր է հայտարարում, դրանով, փաստորեն, շուկան են վաճառում, իսկ դա նշանակում է` մենք երբևէ չենք կարողանա ավիաընկերություն ստեղծել: Չնայած դրանով սոցիալական խնդիրը կլուծվի. միջազգային տենդերների հաղթողները կարող են գալ, օգտվել մեր օդաչուներից, բայց իրենք էլ ունեն իրենց աշխատակիցները: Ենթադրենք` եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչը հաղթում է տենդերը և ինքն իր օդաչուներին է օգտագործում: Ես դրան դեմ եմ, մենք մե՛ր դրոշով  պետք է ստեղծենք ավիաընկերություն, հետագայում ինչպես կմասնավորեցվի, որքան բաժինը կլինի մասնավոր, որքանը` պետական, դա արդեն այլ հարց է: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե պետության կողմից այդ ընկերության ստեղծման դեպքում կառաջանան բյուջետային ռիսկեր, ապա կարելի է ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որ բյուջեի վրա ոչ մի ռիսկ էլ չլինի, այսինքն` կառավարությունը ներդնում է գումար այն ակնկալիքով, որ դիվիդենտ պետք է ստանա, ընդհակառակը` սա օգուտ է լինելու բյուջեին: Բայց դա, ամեն դեպքում, շահութաբեր ճյուղ է, եթե ինքը՝ պետությունը, ներդրում է կատարում: Եվ ես ասեմ, որ բացի պետությունից, եթե 50/50 հարաբերակցությամբ անենք, այսինքն` 50 տոկոսը պետությունն է անում, 50 տոկոսը` մասնավոր ընկերությունները կամ մասնավոր անձինք, այդ դեպքում համոզված եմ` բնակչության մի զգալի մաս կա, որ գումարային ավելցուկ ունեն, ենթադրենք` տներ են գնում, հարյուրհազարանոց մեքենաներ: Պետք չի այդ հարյուրհազարանոց մեքենաները գնել, ավելի ճիշտ է դա ներդնել այդ ավիաընկերությունը ստեղծելու վրա, ինչը հետագայում մեծ շահույթ է խոստանալու»,- ընդգծեց Շահեն Պետրոսյանը:

«Իսկ իմ առաջարկը, ինչպես բազմիցս նշել եմ, այն է, որ պետք է ստեղծենք դինամիկ և օպերատիվ աշխատող փոքր ընկերություններ, ինչպես այսօր ընդունված է Եվրոպայում, օրինակ` «Jet air»-ը, «Easy jet»-ը, «Ryan air»-ը, որոնք շատ եկամտաբեր են և միջին չվերթեր են իրականացնում` փոքր օդանավերով: Հայաստանն այդպիսի հզոր ընկերություն` իր ամեն ինչով, չի կարող ունենալ: Հայկական ավիաուղիները մենք ունեինք, բայց հիմա դա պատմություն է, կարիք չկա այդպիսի բրենդային ավիաընկերություններ ստեղծել, պետք է ստեղծել շատ թեթև ընկերություններ: Հիմա նույնիսկ Ռուսաստանն է այդ ճանապարհով գնում. ռուսաստանյան փոքր քաղաքների կամ մարզերի փոքր ավիաընկերությունները, որոնք «Աերոֆլոտին» չեն պատկանում, այդ նույն սկզբունքով են առաջնորդվում: Նույնիսկ այժմ ՌԴ-ում ուզում են ընդունել օրենք, որի համաձայն՝ բորտ-սնունդը, օդանավակայանի սպասարկումը կհասցվի նվազագույնի: Օրինակ` ես եմ, հետս բեռ չեմ տանում, ինչո՞ւ պետք է նույն գումարը վճարեմ, ինչ բեռ տանողը, կամ ես ընդհանրապես չեմ սնվում օդանավի մեջ, ինչո՞ւ պետք է վճարեմ դրա համար: Օդանավի մեջ` սպասարկման ընթացքում պետք է ընդամենը տալ շատ թեթև բաներ` կոնֆետ, հյութ և այլն, այսինքն` ով ցանկանում է, կարող է գնել: Այսինքն` պետք է հնարավորինս նվազեցնել ծախսերը»,- ավելացրեց ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս