Բաժիններ՝

Այսօր Կալիֆոռնիայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները

BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Կալիֆոռնիա՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու համար: Այդ հանդիպումը կլինի նրանց առաջին հանդիպումը՝ մարտին Չինաստանի նախագահի պաշտոնում Սի Ծինփինի ընտրվելուց ի վեր:

Վերջինս ԱՄՆ է ժամանել իր կնոջ, չինական ժողովրդական երգեր կատարող Պեն Լիայուանի հետ: Նրանց ինքնաթիռն Օնտարիոյի օդանավակայանում վայրէջք է կատարել երեկ:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների միջև բանակցությունները գլխավոր թեմաներն են լինելու տնտեսական համագործակցության զարգացումը, Չինաստանի կողմից կիբեր լրտեսության հարցը, ինչում Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը մեղադրել էր Չինաստանի իշխանություններին ու զինված ուժերին, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, որի հետ կապված՝ ԱՄՆ-ը հուսով է ստանալ Պեկինի աջակցությունը ԿԺԴՀ-ի վրա ճնշումներ բանեցնելու հարցում:

Ամերիկացի օրենսդիրներն ու իրավապաշտպաններն Օբամային կոչ են արել հանդիպման ժամանակ բարձրացնել նաև Չինաստանում քաղբանտարկյալների թեման, որոնցից մեկը Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրավապաշտպան Լյու Սայոբոն է:

ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում ակնկալածից ամիսներ առաջ: Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Օբաման Չինաստանի նորընտիր նախագահի հետ կշփվի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք տնտեսական գագաթաժողովի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս