
Պենտագոնի ղեկավարը Չինաստանի իշխանություններին ու զինված ուժերին մեղադրել է կիբեր լրտեսության մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Չինաստանի իշխանություններին մեղադրել է կիբեր լրտեսության մեջ: Հեյգելը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը մասնակից է ամերիկյան համակարգչային ցանցերի վրա կատարված բազմաթիվ հարձակումներին:
Ուշագրավ է, որ Հեյգելն այս մասին հայտարարել է Սինգապուրում անցկացված ֆորումում, որին մասնակցել են նաև Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Նշվում է, որ Չինաստանի իշխանություններին ու զինված ուժերին կիբեր լրտեսության մեջ մեղադրելու մասին Չակ Հեյգելի այս ելույթը պլանավորված է եղել նախապես:
Հեյգելը Պեկինին կոչ է արել համագործակցել կիբեր անվտանգության ոլորտում՝ ընդգծելով, որ չին-ամերիկյան աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի տվյալ ոլորտում ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև երկխոսության ամրագրմանը:
Հունիսի 7-8-ին Կալիֆոռնիայում պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Սի Ծինփինի հանդիպումը: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ 2007-2010 թվականներին չինացի ցանցահենները ձեռնարկած մի շարք կիբեր հարձակումների արդյունքում տիրել են սպառազինության ոլորտում ամերիկյան վերջին մշակումների նախագծերին: