«Ո՞վ է Ձեզ ասել «գրանտ» բառը». Գագիկ Մինասյանը՝ գազի սուբսիդավորման աղբյուրների մասին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը միաբերան հայտարարում են, թե գազի թանկացման դեպքում ՀՀ կառավարությունը սուբիսդավորելու է 30%-ով: Հարցին՝ որտեղի՞ց այդ գումարը, պատասխանում են, թե Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում, որ իրենց «գրանտ» հատկացնի: Պաշտոնյաները բացատրություն չեն տալիս, թե ինչ տրամաբանությամբ ՌԴ-ն պետք է գազի գին բարձրացնի ու դրա ծախսերը հոգալու համար Հայաստանին դրամաշնորհ տա: Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ռուսաստանյան «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը տարակուսանք էր հայտնել, թե ինչպես կարող է մի երկիրը մյուս երկրին տալ որևէ դրամաշնորհ՝ գազի գնի վճարման համար ու շեշտել, որ միջազգային տնտեսական հարաբերություններում նման տերմին պարզապես գոյություն չունի:
168.am-ը փորձեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից պարզել, թե այդ ինչ «գրանտի» մասին է խոսքը:
«Ո՞վ է Ձեզ ասել «գրանտ» բառը,- զարմացավ Գ.Մինասյանը և շարունակեց. «Դե տարբեր պետություններ, տարբեր միջազգային կազմակերպություններ դրամաշնորհներ են տալիս, սա էլ համարենք այդպիսի դրամաշնորհ»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն Ռուսաստանը գազը թանկացնում է ու ինքն էլ դրամաշնորհ է տալի՞ս դրա համար, Մինասյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Բայց Ռուսաստանը գազը չի թանկացնում: Ռուսաստանը փորձում է միջազգային գներով իրացնել իր գազը իր բոլոր գործընկերների համար»: