
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն քննադատել են Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են տարածել:
Դրանում նրանք քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ կապված համացանցում զրպարտանք և վիրավորանք տարածելը քրեականացնելու համար: Էշթոնն ու Ֆյուլեն ընդգծել են, որ հիասթափվել են՝ իմանալով, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում վերջնականապես հաստատվել են նմանատիպ ուղղումներ.
«ԵՄ-ը մտահոգված է Ադրբեջանում ազատ արտահայտվելու սահմանափակման կապակցությամբ: 2013 թվականն ընտրությունների տարի է Ադրբեջանի համար, ով ստանձնել է ժողովրդավարական ընտրությունների համար ընդհանուր պայմանները բարելավելու պարտավորություն:
Ժողովրդավարական մրցակցության համար բաց հարթակ ստեղծելու նախադրյալներից մեկն էլ հասարակական տեղեկատվության բոլոր ձևերում խոսքի ազատությունն է: ԵՄ-ը քանիցս ամուր համոզմունք է հայտնել, որ զրպարտանքի մասին օրենսդրության քրեականացումը հակաարդյունավետ է»:
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ստեղծել բազմակարծ քննարկումների ու միջազգային հանրության հետ համագործակցության տիրույթ՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պատրաստ է Ադրբեջանին օգնել այդ գործընթացում:
Հիշեցնենք, որ նույն հարցում Ադրբեջանի իշխանություններին քննադատել են նաև Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը և ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: