
Սիրիական բանակը խոստացել է «երկաթե ձեռքով կործանել» բոլոր հակառակորդներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակը զինված ընդդիմության հենակետ Ալ-Քուսեյր քաղաքի վրա իր վերահսկողությունը հաստատելուց հետո խոստացել է «երկաթե ձեռքով կործանել» ողջ երկրով մեկ ապստամբական դիմադրությունը:
Սրանից առաջ սիրիական «Ալ-Իհբարիա» պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ կառավարական զորքերն իրենց վերահսկողությունն են հաստատել Ալ-Քուսեյրի նկատմամբ: Նշվում է, որ սիրիացի ապստամբները խոսոտվանել են, որ պարտվել են քաղաքի համար մղվող մարտերում՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ քաղաքը լքել են իրենք:
Բանակը հայտարարել է. «Դա (Ալ-Քուսեյրի վրա վերահսկողության հաստատումը) հստակ ազդանշան է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսիա են սանձազերծում Սիրիայում: Մենք մեր հաղթանակները կշարունակենք այնքան, մինչև մեր վերահսկողության տակ չվերցնենք սիրիական հողի յուրաքանչյուր կտորը: Մենք անվարան երկաթե ձեռքով կկործանենք նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա: Նրանց ճակատագիրն է հանձնվել կամ մահանալ»: