Ազատության հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Ազատության հրապարակում երեխաների տոնին նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել. մայրաքաղաքում տեղի ունեցած ուժեղ քամուց Ազատության հրապարակի հարթակի մոտ տեղադրված փայտե ամրակներով պաստառները շրջվել էին հավաքված մարդկանց ուղղությամբ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանից 168.am-ին հայտնեցին, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել միայն 30-ամյա Արման Նավասարդյանը:
Ըստ բուժկենտրոնի աշխատակցի՝ տղան դերասան է, և հավանաբար եղել է այն ծաղրածուների թվում, ովքեր ուրախացնում էին հանդիսատեսին: Արման Նավասարդյանը տեղափոխվել է Շտապ օգնության բաժանմունք` ներգոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրրին հիվանդանոցից՝ երիտասարդի վրա ընկել էր գովազդային վահանակը:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին ասացին, թե իրենք դեպքի մասին տեղյակ չեն: «Առաջին անգամ ձեզնից եմ լսում»,- պատասխանեցին մեզ: