ՍԴ-ն մերժեց մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված ՀԱԿ անդամների դիմումները
Սահմանադրական դատարանն այսօր մերժել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ՍԴ-ն որոշել է, որ դիմումատուների կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Հաշվի է առնվել, որ վերանայման վարույթի արդյունքում ընդունված նոր դատական ակտի եզրափակիչ մասի չփոփոխվելու հանգամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պահանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Որոշումն ընթերցելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ի կողմից իրավական դիրքորոշումների շարադրման պայմաններում պրակտիկայում այլևս «չենք հանդիպի այնպիսի դեպքերի, որ ըստ էության նոր դատական ակտ չի կայացվում, չի բեկանվում»:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներ՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Արայիկ Ղազարյանը, ՍԴ-ն վիճարկվող դրույթը թեև հակասահմանադրական չճանաչեց, սակայն իրավական դիրքորոշմամբ մեկ անգամ ևս բացատրեց, թե այն ինչպես պետք է կիրառվի:
«Սահմանադրական դատարանի այս որոշումը նոր հանգամանքներով ինստիտուտի կայացման և գործադրման համար կարևորագույն որոշումներից մեկն էր: Թեև այն նոր հանգամանք չի հանդիսանա Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի համար, բայց այնուամենայնիվ այն շատ կարևոր է իրավունքի պաշտպանության առումով բոլորին ծառայելու իմաստով»,-մասնավորապես ասաց Ա.Զեյնալյանը:
Դիմող կողմի ներկայացուցիչները նշեցին, որ Ա.Մանուկյանի և Ա.Բարեղամյանի գործով տարբեր փուլերում կայացված դատավճիռները, դրանք ուժի մեջ թողնելու մասին որոշումները վերանայելու համար նոր հանգամանքների հիմքով կրկին դատական ատյաններ դիմելու միակ հնարավորությունը կընձեռնվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ա.Մանուկյանի դիմումի բավարարման դեպքում: