Էդվարդ Նալբանդյան. Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը

Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում  Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։  Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:

«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:  Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:  Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։  Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:  Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:  Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:  Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի մասնակիցներին տեղեկացրեց մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ – Եվրոպական միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։  Ելույթում նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ կառույցներն միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։

«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։ Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց այդ տեսանկյունից։

ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝ նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին մասնակցող խորհրդարանականների կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս