Ալեքսանդր Իսկանդարյան. Ընդդիմությունն ընդդիմություն չէ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությունները համեմատաբար մաքուր են անցել: «Այս անգամ մարդկանց չէին խփում, դռները չէին ջարդում, ընտրությունների արդյունքներն էլ ընդունվեցին հասարակության, քաղաքական ուժերի կողմից, որովհետև քաղաքական հենց այդ ուժերը շարունակեցին աշխատել: Եթե մի տեղ գնում ես ու սկսում ես աշխատել՝  լինի դա պառլամենտում թե ավագանիում, բայց ասում ես, թե անարդար էին ընտրությունները, դու աշխատում ես՝ ընդունում ես արդյունքները: Այո, ընտրությունների ժամանակ աշխատում էին վարչական ռեսուրսներով, գումարով, ադմինիստրատիվ ռեսուրսներով: Բայց այն խաղը, որը խաղացին խորհրդարանական ընտրություններում, նախագահական ընտրություններում դարձավ արդյունքների կանխատեսելիության պատճառ»,- Կովկասյան ինստիտուտում քիչ առաջ մեկնարկած բանավեճի ժամանակ հայտարարեց Ա. Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ գաղափարական պայքարը պարտվում է, իսկ տեխնոլոգիաները՝ հաղթում:

«Այն կուսակցությունները, որոնք հրապարակային դիսկուսով, մեխանիզմներով են աշխատում՝ պարտվում են, իսկ ոչ հրապարակային աշխատողները՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, հաղթում են: Գաղափարը Հայաստանում չի վաճառվում. մարդիկ չեն հավատում: Խորհրդարանում հիմա ներկայացված են քաղաքական գրեթե բոլոր հիմնական ուժերը, աշխատում են, երբեմն օգտագործում են ԱԺ-ն՝ որպես հարթակ, բայց աշխատում են»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա քաղաքագետն ասաց, որ այն ամերիկյան դասական կուսակցության նման աշխատեց ու հավաքեց ընտրողների մեծ թվով ձաներ: Իսկ ՀԱԿ-ի դեպքում, ըստ նրա՝  մարդիկ դեմ էին իշխանությանը, բայց կողմ էլ չէին Լևոն Տեր-Պետրոսյանին:

Կարդացեք նաև

«Փուչիկը փչված էր, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ընդդիմադիրների ձայները, բայց նրանք կորցրեցին այդ կապիտալը, որն ունեին: Արդյունքում՝ ընդդիմություն Հայաստանում չկա՝ խոսքը միայն «Ժառանգության» մասին չէ, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ՀՅԴ-ի մասին է՝ բոլորի: Ինձ հաճախ հարցնում են՝ ընդդիմությունը ե՞րբ կմիավորվի, արդյոք կմիավորվի՞, թե՞ ոչ: Բայց միավորումը ոչինչ չի կարող տալ ընդդիմությանը, որովհետև ընդդիմությունն ընդդիմություն չէ»,- նշեց նա:

Քաղաքագետը հիշեցրեց նաև 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերը, երբ քաղաքում կատաստրոֆիկ վիճակ էր, մարդիկ չէի ցանկանում համագործակցել ոչ միայն նախագահի հետ, այլև՝ պետության, փողոցում կրակում էին: Իսկ հիմա՝ 2013 թ. հետընտրական զարգացումների արդյունքում, մարդկանց բողոքը թեպետ մեծ է, բայց քաղաքական ալիքն այդ քաղաքացիական բողոքն արտահայտել չի կարող:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե նախորդ համապետական ընտրությունները ոչնչով չեն տարբերվում 2012-2013թթ. ընտրություններից, քաղաքագետը նկատեց. «Ինչպե՞ս թե ոչինչ չի փոխվել՝ ՀՀԿ-ն իրեն շատ վստահ է հիմա զգում, ինչպես 2008-ին չէր զգում: Իրենց հաջողվեց նոր մթնոլորտ ստեղծել: Պետք չէ հիստերիա ստեղծել, բոյկոտել, ասել, թե փոքրամասնություն եմ՝ չեմ աշխատում, վերջ, պետք է աշխատել հենց առկա պայմաններում: Եթե այս մտածելակերպը չփոխվի, բոլոր ընտրություններից հետո էլ փուչիկը պայթելու է, ու բոլորն էլ էլի ասելու են՝ վա՜յ աման, ոչ մի բան չփոխվեց»:

Տեսանյութեր

Լրահոս