Սարդարապատում կարկուտից տուժած գյուղացիների վարկերի ընդհանուր ծավալը 2 մլրդ դրամ է
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղացիների վերցրած վարկերի ծավալը հասնում է մոտ 2 մլրդ դրամի: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը, ոչ բոլոր վարկերն են գյուղատնտեսական նշանակության. ոմանք վարկ են վերցրել բիզնեսի կամ անասնապահության նպատակով, և այժմ աշխատանք է տարվում հստակեցնելու իրավիճակը:
Բ.Վարդանյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչները խոստացել են վարկերը սառեցնել՝ բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում մինչև 1 տարով, իսկ այգիների դեպքում՝ 2-3 տարով, իսկ դոլարային վարկերը կփոխարկեն դրամայինի և տոկոսադրոյքը կնվազեցնեն մինչև 10%:
«Գյուղացիները հիմնականում վերցրել են 14%-անոց սուբիսդավորվող վարկերը, մեծ մասը՝ «Ակբա-կրեդիտ» բանկից»,- ասաց Բ.Վարդանյանը:
Գյուղում վնասվել են ցանքատարածությունների 1/3-ը՝ մոտ 504 հա, որից 135 հա-ը՝ խաղողի տեխնիկական սորտերի այգիներ են: Սարդարապատ գյուղին տրամադրել են սերմեր, նախնական խոստացել են փոխհատուցել հողի և ոռոգման ջրի վարձավճարը, ներկայում պետք է կազմեն անապահով ընտանիքների ցուցակը, որպեսզի նրանց էլ դրամական օժանդակություն տրամադրեն: Գյուղապետը հուսով է, որ դրամահավաքի գումարներից էլ կտան գյուղացիներին. «Նաև Կարմիր խաչից էին եկել, ասեցին՝ կօգնեն: Օգնությունը տարբեր տեղերից է»: