Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն չի ուզում լսել հանրության կարծիքը. Արամ Գրիգորյան

Այսօր գազի գնի թեմայով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կազմակերպված հանրային լսումները տապալեց ՀԾԿՀ-ն՝ ի դեմս իր նախագահի: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց «Հասարակական պաշտպանների միություն» կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը:

 

Ըստ նրա՝ ՀԾԿՀ-ն չէր ուզենա, որ նիստը տապալվեր, ուղղակի հանրության կարծիքը չեն ուզում լսել:

 

Ա.Գրիգորյանը նշեց, որ գրավոր դիմել են ՀԾԿՀ-ին՝ պահանջելով գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, սակայն չեն տրամադրում, գաղտնի են պահում: Միության նախագահը մի փաստ արձանագրեց՝ 2010 թ-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ունեցել է 4700 աշխատող, 2013-ի համար ներկայացրել է 6000 աշխատողի համար աշխատավարձ, բայց ընկերությունն իր գործառույթների մեջ ոչ մի փոփոխություն չունի. «Ինչո՞ւ է այս հանձնաժողովն ընդունում դա: Միջին աշխատավարձը 227 հազ. դրամ է, բայց այստեղ էլ խնդիր կա. եթե մի շարք փոքր մարդիկ ստանում են շատ-շատ մեծ աշխատավարձ, մնացածը ստանում են փոքր աշխատավարձ, դրա համար միջինով քիչ է երևում: Պահանջում ենք, ասում ենք՝ տվեք բոլորի աշխատավարձի ցուցակը, իրենք պարտավոր են տալ, սա բիզնես չի, հանրային ծառայություն է, մենք բոլորս կարող ենք իմանալ ամեն ինչ: Պատասխան չեն տա, նիստ կանեն, որոշում կընդունեն, հետո արդեն պատասխանն անիմաստ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս