Հաագայի դատարանը կայացրել է Բոսնիայի խորվաթների առաջնորդների դատավճիռը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հաագայի միջազգային դատարանը բոսնիական վեց խորվաթի մեղավոր է ճանաչել մարդկության դեմ գործած հանցանքներում, որոնք 1992-1995 թվականներին կատարվել են Բոսնիա-Հերցեգովինայում:
Դատարանի կայքում այսօր հայտնված հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձինք դատապարտվել են տևական ազատազրկման: Հերցեգ-Բոսնա չճանաչված պետության նախկին վարչապետ և Խորվաթական պաշտպանության խորհրդի (HVO) ղեկավար Յադրանկո Պրլիչը դատապարտվել է մինչև 25 տարի ազատազրկման:
HVO-ի այլ բարձրաստիճան ղեկավարներ Բրունո Ստոիչը, Միլիվոյ Պետկովիչը և Սլոբոդան Պրալյակը դատապարտվել են 20 տարի ազատազրկման: Հերցեգ-Բոսնայի ներքին գործերի նախկին նախարար Վալենտին Չորիչը դատապարտվել է 16 տարի ազատազրկման, իսկ HVO-ի՝ ռազմագերների փոխանակման հանձնաժողովի նախկին ղեկավար Բերիսլավ Պուշիչը՝ 10 տարի ազատազրկման:
Այդ անձինք մեղադրվել են մարդկության դեմ հանցանքներ գործելու, Ժնևի կոնվենցիաները և պատերազմ վարելու օրենքները կոպտորեն ոտնահարելու մեջ: Դատարանը մասնավորապես պարզել է, որ գրանցվել են մուսուլման բնակչության սպանության, բռնաբարության ու արտաքսման դեպքեր:
Հերցեգ-Բոսնա չճանաչված խորվաթական հանրապետությունը գոյատևել է 1991-1994 թվականներին, ինչից հետո այն մտել է Բոսնիայի ու Հերցեգովինայի դաշնության մեջ: