ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել Բելլա Ցարնաևայի նկատմամբ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջոհար և Թամերլան Ցարնաևների քույր Բելլան ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում մեղադրվել է մարիխուանա պահելու և վաճառելու փորձի մեջ:
Երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Բելլա Ցարնաևան իրեն մեղավոր չի ճանաչել: Նմանատիպ մեղադրանք է ներկայացվել նաև նրա ընկեր Սհմադ Հալիլի նկատմամբ, ով նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել:
Ցարնաևան ձերբակալվել է դեռևս 2012 թվականի դեկտեմբերին, սակայն ԶԼՄ-ները միայն այժմ են ուշադրություն դարձել նրա գործին: Նշվում է, որ ամենահայն հավանականությամբ Բելլա Ցարնաևային կհաջողվի խուսափել քրեական պատժից, քանի որ նա համաձայնվել է համագործակցել հետաքննության հետ:
Բելլա Ցարնաևայի փաստաբանը հայտարարել է, որ նա ոչ մի կապ չի ունեցել Բոստոնի դեպքերի հետ, սակայն ահաբեկչությունից հետո սկսել է ստանալ իր հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Ջոհար և Թամերլան Ցարնաևներն ապրիլի 15-ին ահաբեկչություն են կազմակերպել և իրականացրել Բոստոսնի մարաթոնի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է ավելի քան 260 մարդ: