Գերմանիան 4 տարում մոտ մեկ միլիարդ դոլար կվճարի Հոլոքոսթը վերապրածներին
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Հրեական նյութական հայցերի հանձնաժողովը (Claims Conference) երեկ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարության հետ տարեկան վարվող բանակցությունների ընթացքում, որոնք առաջին անգամ անցկացվել են Երուսաղեմում, հաջողվել է մեծ արդյունք արձանագրել:
Հանձնաժողովը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պարտավորվել է 4 տարվա ընթացքում վճարել մոտ 1 միլիարդ դոլարի փոխհատուցում: Մինչև 2017 թվականը կատարվելիք այդ վճարումները նախատեսված են համայն աշխարհում Հոլոքոսթը վերապրածների համար:
Claims Conference-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ գումարներն առաջիկա 4 տարվա ընթացքում վճարվելու է հետևյալ կերպ. 2014 թվականին Գերմանիայի կառավարությունը կփոխանցի մոտ 142 միլիոն եվրո, 2015 թվականին՝ 205 միլիոն եվրո, 2016 թվականին՝ 210 միլիոն եվրո և 2017 թվականին՝ 215 միլիոն եվրո:
Դրանով իսկ Գերմանիայի կառավարությունը 2014-2017 թվականներին կհատկացնի մոտ մեկ միլիարդ դոլար (772 միլիոն եվրո): Նշվում է, որ դա Հոլոքոսթը վերապրածների սոցիալական ծառայությունների ֆինանսավորման ամենաբարձր գումարն է, որին Claims Conference կազմակերպությունը կարողացել է հասնել Գերմանիայի կառավարության հետ ամենամյա բանակցությունների շրջանակներում: