Սերժ Սարգսյանը չի մասնակցում նաև ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովին
Այսօր Աստանայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրազԷՍ) գագաթնաժողովը, որին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններից չորսի` Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի նախագահները երեկ հավաքվել էին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ անցնում էր կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հայաստանի և Բելառուսի նախագահները այդ հանդիպմանը չմասնակցեցին:
Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը զանազան մեկնաբանությունների առիթ էր դարձել, մինչդեռ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրությունում ասված է, որ Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները Ղրղըզստանի մայրաքաղաք չէին գնացել, քանի որ գագաթնաժողովի օրակարգում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող հարցերն էին:
Բիշքեկից նախագահները մեկնել են Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ այսօր բացվելու է ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովը, ընդ որում` հանդիպմանը մասնակցելու է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղրղըզստանը հայտ է ներկայացրել Մաքսային միությանը անդամակցելու, իսկ Ուկրաինան` այդ միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչիում էր, որտեղ կայացել էր նրանց հինգ ժամանոց հանդիպումը:
ԵվրազԷՍ-ում Հայաստանը ունի դիտորդի կարգավիճակ: