Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնության անվտանգությունը կապահովեն նաև մարտական ռոբոտները (լուսանկարներ)
DailyTechInfo-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնություն: Դրա ժամանակ կարգուկանոնի ապահովման նպատակով ՖԻՖԱ-ի աշխատակիցները որոշել են այդ գործընթացում ներառել մարտական ռոբոտների՝ որպես անվտանգության պահպանության աշխատակիցներ:
Ամերիկյան iRobot ռոբոտատեխնիկական հանրահայտ ընկերությունը ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ պատրաստվում է Բրազիլիա ուղարկել PackBot տիպի 30 ռոբոտ: Այդ ռոբոտները զինվորականների կողմից հաջողությամբ օգտագործվել են Իրաքում և Աֆղանստանում անցկացված օպերացիաներում և ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարների հետևանքները վերացնելիս:
30 ռոբոտներն արտադրվում են Բրազիլիայի կառավարության և iRobot ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում: Գործարքը գնահատվում է 7.2 միլիոն դոլար: Այն իրենում ներառում է ոչ միայն բուն ռոբոտների մատակարարումը, այլև՝ նրանց սպասարկումը, անհրաժեշտ պահեստային մասերի ու հետագա սարքավորման առաքումը: PackBot տիպի յուրաքանրչյուր ռոբոտն արժե 100.000-200.000 դոլար:
PackBot 510 տիպի ամեն ռոբոտ հագեցված է տեսախցիկով և մանիպուլյատորով: Ռոբոտի ղեկավարումն իրականացվում է հեռակառավարմամբ՝ անվտանգ վայրում գտնվող օպերատորին հնարավորություն տալով հետազոտել կասկածելի օբյեկտները, հետախուզություն իրականացնել մարդկանց կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող միջավայրում:
Աշխարհի առաջնության ժամանակ այս ռոբոտներն աշխատելու են ոստիկանության հազարավոր աշխատակիցների ու զինվորների հետ, որոնք պարեկություն կիրականացնեն բրազիլական այն 12 քաղաքներում, որոնցում կանցնեն ֆուտբոլային հանդիպումները: