Բաժիններ՝

Կարակասում հրազենային վնասվածքներ են ստացել ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակիցներ

Վենեսուելական Globovisíon հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակից ստացել են հրազենային վնասվածքներ: Միջադեպը գրանցվել է երեկ ուշ երեկոյան, Վենեսուելայի մայրաքաղաքի հեղինակավոր շրջանում գտնվող Bello Campo առևտրային կենտրոնում:

Կրակոցներից տուժել են Վենեսուելայում ԱՄՆ ռազմական կցորդի օգնականներ Ռոբերտո Էսեկյելն ու Փոլ Մորվինը: Ներկայումս նրանք բուժում են ստանում Կարակասի հիվանդանոցներից մեկում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Նշվում է, որ կցորդի օգնականները լեզվակռվի մեջ են մտել առևտրային կենտրոնի ստորին հարկերում գտնվող Antonella խանութի այցելուներից մեկի հետ, ինչից հետո վերջինս ատրճանակով մի քանի անգամ կրակել է նրանց վրա և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով երկու դիվանագետներն էլ վիրավորվել են:

Փամփուշտները դիպել են Էսեկյելի որովայնին ու ոտքին և Մորվինի որովայնին: Նրանց կենսական նշանակության օրգանները չեն վնասվել: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը հաստատել է տեղի ունեցածը՝ չհաղորդելով նոր մանրամասներ:

Կարակասի ոստիկանությունը հետաքննություն է սկսել տվյալ գործով: Վենեսուելայի իշխանությունները վստահ են, որ մոտակա ժամերին կունենան կոնկրետ փաստեր՝ կապված տվյալ միջադեպի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս