Ադրբեջանական ընդդիմությունը հայտարարել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի ստեղծման մասին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 28-ի ուշ երեկոյան ընդդիմադիր առաջատար ուժերի միջև անցկացված ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային խորհրդի ստեղծման շուրջ:
Այդ խորհրդակցություններին մասնակցել են «Բաց համայնք» (Սուլհադդին Ակպեր), «Լիբերալ» (Ավեզ Թեմիրհան), «Ժողովրդական ճակատ» (Ալի Քերիմլի), «Դասական ժողովրդական ճակատ» (Բեյբալա Աբիլ), «Մուսավաթ» (Իսա Ղամբար) կուսակցությունների և EL շարժման (Էլդար Նամազով) ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հիմնադրման փաստաթղթերը: Հեռակա կարգով քննարկումներին միացել են նաև Ռուստամ Իբրահիմբեկովը, Ռասուլ Գուլիևը, Միրմահմուդ Միրալիօղլուն և Լալ Շովքեթը:
Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է ԺՈՒԱԽ-ի հիմնադրման և նրա կազմի հռչակագրի տեքստը: ԺՈՒԱԽ-ի կազմի մեջ է մտել ավելի քան 100 քաղաքական գործիչ, քաղաքացիական հասարակության ակտիվիստ և մտավորականության ներկայացուցիչ: Առաջիկա օրերին տեղի կունենա ԺՈՒԱԽ-ի առաջին նիստը և կհայտարարվի խորհրդի ու անձնակազմի հռչակագրի մասին:
ԺՈՒԱԽ-ը կոչված է համախմբել ընդդիմադիր բոլոր ուժերին՝ ապահովելու համար 2013 թվականի հոկտեմբերին ժողովրդավարական նախագահական ընտրությունների և երկրի քաղաքական համակարգի բարեփոխման անցկացում: