Բաժիններ՝

Հնդկաստանում երկու ամսում շոգից մահացել է ավելի քան 500 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու ամսում Հնդկաստանում ջերմային հարվածից մահացել է ավելի քան 500 մարդ: Չդադարող շոգը գրանցվել է երկրի տարբեր շրջաններում:

Հնդկաստանի ՆԳՆ-ի Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա ապրիլի 1-ից շոգը խլել է 524 մարդու կյանք: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ շոգի զոհերի քանակն արդեն իսկ գերազանցել է 600-ը: Հնդկաստանի ամենաշոգ շրջան Էտավահում ջերմաստիճանը բարձրացել է 46 աստիճանից վեր:

Երկրի հյուսիս-արևմտյան հատվածում ընկած Թար անապատի Չուրու քաղաքում այն հասել է 45.2 աստիճանի: Քիչ ավելի ցածր է ջերմաստիճանն Ագրա քաղաքում, ուր գտնվում է հանրահայտ Թաջ Մահալ դամբարանը: Այստեղ ջերմաստիճանը կազմում է 43.3 աստիճան:

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի տարբեր շրջաններում ջերմաստիճանը տատանվում է 30-45 աստիճանների միջև: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին անձրև չի տեղա: Բնակչության մեծ մասը նախընտրում է շոգ օրերին մնալ տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս