Տիգրան Սարգսյանը ռուսներին է հաճոյանում. Հրանտ Բագրատյան
Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարեց, թե ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են բանակցությունները գազի գնի շուրջ, իսկ ՀՀ կառավարության կողմից խոստացված 30% սուբսիդավորման համար հնարավոր է հենց ռուսները դրամաշնորհ հատկացնեն: Թե ինո՞ւ պետք է ռուսները գազը թանկացնեն, հետո դրամաշնորհ հատկացնեն 168.am-ը հետաքրքրվեց ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանից: Նա, սակայն, դժվարացավ պատասխանել. «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ի՞նչ է նշանակում՝ հնարավոր է։ Բոլոր դեպքերում վարչապետը նրա համար է վարչապետ, որ նորմալ պատասխան տա։ Խորամանկությունններն ու հողմապտույտները, որոնք բնորոշ են ՀՀ պաշտոնյաներին գազի գին բացատրելիս, արդեն հոգնեցնում են։ Ցավում եմ»:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ եթե կառավարությունը գազի թանկացումը սուբսիդավորի բյուջեից, ապա շուտով պիտի հրաժարվի, քանի որ փող չկա։ Կամ էլ 1-2 տարի աշխատավարձ ու թոշակ չբարձրացնի (նույնիսկ գնաճը մասնակիորեն չփոխհատուցի)։ Իսկ ընդհանրապես, Հ.Բագրատյանի կարծիքով, սուբսիդիայի պարագայում ճիշտ կլիներ սպառողին օգնել, այլ ոչ թե մատակարարին։
Պատգամավորը նշեց, որ գազի գինը ցածր պահելու համար Հայաստանում ռուսներին հետաքրքրող բան միշտ էլ կա, օրինակ՝ Որոտանի ՀԷԿ-երի կասկադը։
Մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե կառավարությունը պետք է հոգա, որ «ՀայՌուսգազարդի» բիզնեսը ՀՀ-ում չվնասվի, Հ. Բագրատյանը նկատեց. «Ռուսներին է հաճոյանում։ Մեր հաշվին։ Իսկ սպառողի, ՀՀ քաղաքացիների շահերն ո՞վ պետք է պաշտպանի։ Մի՞թե սա վարչապետի հիմնական խնդիրը չէ»։
Հարցին՝ արդյոք գազի գնի շուրջ այս աժիոտաժը կապ ունի՞ նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ հետ նախատեսվող ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, ինչպես նաև Մաքսային միությանը ՀՀ անդամակցության խնդրի հետ, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Չգիտեմ։ Դա նուրբ հարց է։ Այստեղ եթե մեկը մի կոնկրետ բան գիտի, ապա միայն ՀՀ իշխանությունները»։