«The Guardian»-ը միջազգային կայք կթողարկի
Բրիտանական «The Guardian»-ը կթողարկի միջազգային կայք՝ theguardian.com-ը: Այս մասին հաղորդում է պարբերականի ինտերնետային կայքը:
Կայքի գործարկումը նախատեսված է մինչև տարեվերջ: Նոր կայքը կմիավորի «The Guardian»-ի բոլոր առկա կայքերի տարբերակները, այդ թվում՝ հիմնական բրիտանական կայքը՝ guardian.co.uk-ը և դրա բջջային տարբերակը: Նոր տիրույթում կներառվեն նաև ամերիկյան և գործարկման պատրաստվող «The Guardian»-ի ավստրալական տարբերակները:
Թերթը նոր դոմենի անցնելու ցանկությունը մեկնաբանել է որպես ազգային ձևաչափից անցում միջազգայինի: Թերթը տեղեկացրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում կայքի այցելուների թիվն ամսական 20 միլիոնից դարձել է 80 միլիոն, ի դեպ, նշվում է, որ բրիտանացիները կազմում են ընթերցողների միայն 1/3-ը:
Տեղեկացնենք, որ «The Guardian» թերթը հիմնադրվել է 1821թ.՝ որպես «The Manchester Guardian»: Թերթի կայքը գործարկվել է 1999թ. և առաջին անգամ կոչվել է Guardian Unlimited:
Alexa-ի վիճակագրության համաձայն, այն համարվում է իր հայտնիությամբ երկրորդ ամենատարածված ցանցը բրիտանական թերթերի շրջանում՝ «The Daily Mail»-ից հետո: