Շևարդնաձեն Սաակաշվիլիին մեղադրել է Աֆղանստանում վրացի զինծառայողների զոհվելու մեջ
Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Աֆղանստանում վրացի զինծառայողների զոհվելու մեջ, ով ավելի վաղ որոշում է կայացրել վրացի զինվորներին Աֆղանստան ուղարկելու մասին:
Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Շևարդնաձեն կոչ է արել հրապարակավ դատի տալ Սաակաշվիլիին՝ երկրի առջև գործած հանցագործության համար:
Նա զարմանք է հայտնել, թե ինչու են վրացի զինծառայողները ցայժմ գտնվում Աֆղանստանում՝ չնայած նրան, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներն արդեն իսկ սկսել են իրենց զինվորական կոնտինգենտները դուրս բերել երկրից.
«ՆԱՏՕ-ն Վրաստանի անդամակցության հարցը չի շաղկապել աֆղանական օպերացիային մեր մասնակցության հետ: Պետք է ստեղծել անկախ հանձնաժողով, որը կհետազոտի Աֆղանստան վրացական զինվորական կոնտինգենտ ուղարկելու օրինականությունն ու նպատակահարմարությունը:
Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան ու Հարավային Օսիան վերադարձնելու փորձերը: Ես ողջունում եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ձգտումը: Ամերիկան ու Եվրոպան մեզ մշտապես խորհուրդ են տվել ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ»:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Աֆղանստանում զոհվել էր վրացի երեք զինծառայող: