
Աֆղանստանում զոհվել է վրացի երեք զինծառայող

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Հելմանդ նահանգում ահաբեկիչների ձեռնարկած հարձակման հետևանքով զոհվել է վրացի երեք զինծառայող: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ մահապարտները հարձակվել են 42-րդ գումարտակի բազայի վրա: Վրաստանի ՊՆ-ի տվյալներով՝ այդ հարձակման հետևանքով զոհվել են կապրալ Ալեքսանդր Կվիցինաձեն, կրտսեր սերժանտ Զվիադ Դավիթաձեն և կապրալ Վլադիմիր Շանավան:
Ալասանիայի խոսքերով՝ կան նաև վիրավորներ և աննշան վնասվածքներ ստացածներ: Ալասանիան ընդգծել է, որ ռազմաբազայի վրա հարձակումն իրականացվել է բեռնատարի պայթեցման միջոցով: