Լոռիում կարկուտի հասցրած վնասը գնահատվում է մոտ 500 հազ. դոլար
Լոռու մարզում երկու օր առաջ տեղացած կարկուտը վնասել է հիմնականում Ստեփանավանի տարածաշրջանի 3 գյուղերի՝ Ամրակիցի, Ագարակի և Լեջանի ցանքատարածությունները՝ ընդհանուր առմամբ մոտ 500-700 հա: Ինչպես 168.am-ին հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ոչնչացել է կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունների 50-80%-ը, վնասի չափը գնահատվում է մոտ 500 հազ. դոլար: Կարտոֆիլի բերքը որոշ չափով վերականգնել հնարավոր է՝ կախված նրանից, թե ինչ սորտ են աճեցնում գյուղացիները՝ վաղահաս, թե ուշահաս, իսկ ցորենի բերքը հնարավոր չէ վերականգնել:
Մարզում հակակարկտային կայանները 6-ն են, իսկ տուժած գյուղերի տարածքում ընդհանրապես չկան: Ըստ Հ.Բերբերյանի՝ նույնիսկ եթե լինեին, ապա օգուտ չէին տա, քանի որ դրանք ոչ արդյունավետ են. «Վաղ թե ուշ պետք է անցնել հակակարկտային պաշտպանության ցանցային եղանակին: Հայտարարում են, թե 1 հեկտարի համար ցանցային համակարգն արժե 25 հազ. դոլար, սակայն իրականում 10 անգամ էժան է: Պարզապես թանկ են ասում, որ հետո ապահովագրեն իրենց»:
Ի դեպ, Հ.Բերբերյանը նկատեց, որ կարկուտից հետո գյուղացիներին փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել. «Գյուղացիներն ասում են՝ պաշտոնյաներից մեկը եկավ, ներկա ստացավ, գնաց»: